ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Աշխարհից ելքը ունի երկու ճանապարհ

Աշխարհից ելքը ունի երկու ճանապարհ
22.02.2022 | 11:13

«Դա այն անեծքն է, որ տարածվում է ամբողջ երկրի երեսին» (Զաքարիա 5;3):
Սուտը սուտ է ծնում, նենգությունը` նենգություն, այլ կերպ ասած` մեղքը հետևանք է ծնում, և ամեն մի չարիքի արմատը մեղքն է:


Այս դժոխային բաների մասին, ցավոք, այսօրվա կուրացած մարդը երբևէ չի մտածում, քանզի խավարի մեջ է և լույսը չի տեսնում: Ապականված է ամեն ինչ և ամեն բան, մարդկանց որդիների հոգիներից դուրս է մղված Քրիստոս, և անօրենությունը` ներմուծված, ցնծության մեջ է, գազանը՝ իր ավարի համար, տրտմած Քրիստոս` Իր արյամբ գնված զավակների կորստյամբ:

Լրատվության մեծ մասը վաճառված է սատանային. հոգիները նետած անտակ անդունդը` ապատեղեկատվություն ու հերյուրանքներ են տարածում, վատաբանում, չարախոսում են մարդկանց` ինչ-որ մեկին հաճոյանալու համար, այո՛, ինչ-որ մեկին, միայն ո՛չ Քրիստոսին, ուրացել են Տիրոջ խոսքը. «Քանզի անհնար է, որ գիրը ջնջվի»,- և նրանց ստագիրը իրենց դեմ վկայություն պիտի լինի դատաստանի ժամանակ: Կա հասարակության մի խավ էլ, որ մեղքերի մեջ կործանված, նյութապաշտության խավարի մեջ ընկած, անգամ չի էլ նկատում իր կորուստը: Փորապաշտությունը հավատ է այսօր, փողապաշտությունը` դավանանք, իսկ մարդահաճությունը` սովորական երևույթ: Դժոխքի հիմքերը փորվեցին արդեն իսկ դրախտում. «Այն կինը, որ տվեցիր ինձ, նա տվեց, եւ ես կերա».-մարդը չճանաչեց իր սեփական գործած մեղքը, այն փնտրեց ուրիշի մեջ և վտարվեց բերկրության Դրախտից: Հիսուսի գալստյան նպատակն էր, որ մարդուն ցույց տա նրա մեղավոր լինելը, որ մարդը իր մեղքը տեսնի և ապաշխարի, բայց մարդիկ «խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետեւ նրանց գործերը չար էին»: Ցավալի է, որ նայում ես նման մարդկանց, տեսնում ես նրանց կորուստը, եթե չապաշխարեն: Մեղքը շատ հեշտ է սողոսկում մարդու հոգին և ապականում նրան, սակայն շատ դժվարությամբ է դուրս գալիս, նախ՝ մեղքի գիտակցումից, ապա տևական աշխատանքի, պահքի, աղոթքի, խոկումների արդյունքում:

Այսպես է ասում սաղմոսերգու Դավիթ մարգարեն. «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար». իսկ Հովհաննես Ավետարանիչը բարձրաձայնում է. «Եվ Խոսքը մարմին առավ եւ բնակվեց մեր մեջ», «Նա՛ է ճշմարիտ Լույսը, որ լուսավորում է ողջ աշխարհը»: Աշխարհից ելքը ունի երկու ճանապարհ՝ կա՛մ հավիտենական դատաստան, կա՛մ հավիտենական կյանք, ընտրությունը` աստվածապատկեր մարդունը: Հարցրեք մեղքից ազատված մարդուն, և նա ցույց կտա իր խոցոտված տեղերը, հարցրեք անապաշխար մարդուն, և նա կթաքցնի իր վերքերը, որպեսզի ձեզ նույնպես ներքաշի մեղքի հորձանուտը: Մեծ Պահքին զուգընթաց ներթափանցենք մեր հոգու խորքը, պահքով, աղոթքով ու ապաշխարությամբ Աստծուց ներում խնդրենք մեր մեղքերի համար, Տիրոջ Հրաշափառ Հարության տոնին խոստովանենք մեր մեղքերը քահանային, քավություն ստանալով` այլևս հետ` դեպի մեղքին եւ նրա կորստաբեր ընթացքին չնայենք, ինչպես Ղովտի կինը, այլ ընթանանք դեպի նպատակակետը` հավիտենական կյանքը, դեպի Քրիստոս Հիսուս, որին վայել է փա՜ռք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:


Տեր Ահարոն քահանա Մելքումյան
Գորիսի տարածաշրջանի Հոգևոր Հովիվ

Դիտվել է՝ 16002

Մեկնաբանություններ